Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռուսաստանը մեր իշխանությունների «ատամները» վաղուց հաշվել է»

«Ռուսաստանը մեր իշխանությունների «ատամները» վաղուց հաշվել է»
18.07.2014 | 00:28

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ)

-Սերժ Սարգսյանն առաջին անգամ իր մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Ինչո՞ւ այս պահն ընտրվեց, չէ՞ որ դա նոր երևույթ չէր: Հայաստանը փորձում է «ատա՞մ» ցույց տալ:
-Նախ՝ վատ է, որ ուշացած է արձագանքում այդ փաստին: Այստեղ մի քանի գործոն կա: ԵՏՄ-ի առնչությամբ որոշակի ակնկալիքներ ուներ, որոնք չարդարացան և հիմա «ատամ» է փորձում ցույց տալ: Պարզապես նման հայտարարություն պետք է շատ ավելի վաղ արվեր: Երբ անցյալ տարի Պուտինը Հայաստան այցելեց, չէի՞ն հիշում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում: Ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ պետք է բարձրաձայն ասվեր` Ռուսաստա՛ն, Հայաստանը այն երկիրն է, որտեղ քո ռազմաբազաներն են տեղակայված, դու մեզ հետ ռազմավարական պայմանագիր ունես, ինչպե՞ս ես Ադրբեջանին զենք վաճառում: Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ-ը Պաղեստինին զենք վաճառի` լինելով Իսրայելի ռազմավարական դաշնակիցը: Միայն Հայաստանի գործընկերներն են, որ այս կերպ են վարվում նրա հետ: Սա մեր իշխանությունների մեղավորությունն է: Այդ հայտարարությունը ոչ թե Արգենտինայում պետք է արվեր, այլ ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Ավելին, քանի որ Ռուսաստանը զենքի վաճառքը բիզնես է համարում, մեր իշխանությունը պետք է անմիջապես Իրանի հետ բանակցությունների մեջ մտնի` իրանական գազը Հայաստան բերելու համար: Հայաստանը միշտ էլ բիզնեսից հասկացող, լավ առևտրականներ ունեցող երկիր է համարվել, ուստի մենք պետք է Վրաստանով գազամուղի կառուցման աշխատանքներ տանենք, ինչին կողմ են և՛ Իրանը, և՛ Վրաստանը, իսկ ողջ Եվրոպան էլ խնդրում է: Պետք է ցույց տալ, որ հայերն էլ բիզնես անել գիտեն:
-Հնարավո՞ր է, որ այս հայտարարությունը պայմանավորված է վերջին շրջանում սահմանային գծում տիրող լարվածությամբ, դիվերսիոն խմբի ներթափանցմամբ:
-Սահմանային գծում առկա լարվածությունը շատ ավելի վաղ է սկսվել: Իհարկե, վերջին շրջանում հաճախականությունը ավելացել է, բայց սա պայմանավորված էր ոչ միայն զենքի վաճառքով, այլև Հայաստանի դիրքերի թուլացմամբ: Երբ Հայաստանն իր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը վաճառեց ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու համար, բնականաբար, Ադրբեջանը փորձեց շանտաժի լեզվով մեր գործընկերներից իր համար առավել շահավետ պայմաններ ստանալ` մշտապես սպառնալով, թե պատերազմ կհայտարարի:
-Այդ հայտարարությանը զուգահեռ հետաքրքիր զարգացումներ եղան՝ Հայաստանում «Արմենտելի» գլխավոր տնօրենին մեղադրանք առաջադրվեց, Ռուսաստանում հայ մեծահարուստ Լևոն Հայրապետյանին կալանավորեցին: Սրանք ինչ-որ կապ ունե՞ն իրար հետ:
-Անշուշտ, կարող են կապ ունենալ: Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, սա մի փոքր այլ է: Նա երկու կողմին էլ ձեռք չէր տալիս: Ադրբեջանի համար անցանկալի էր, որովհետև Արցախում իրական ներդրումներ էր անում, իսկ Հայաստանի իշխանություններին նա վերջերս խիստ քննադատության ենթարկեց: «Արմենտելի» տնօրենի առնչությամբ էլ պիտի ընդգծել, որ միայն նա չէ այդպիսի պատմությունների մեջ: Գազի, հոսանքի հետ կապված զարգացումներն էլ նման իրավիճակ են ստեղծել: Ձերբակալելու ենթակա այնքան մարդ կա, բայց ոչ մեկին չեն «կպնում»: Զենքի վաճառքի հետ կապված մտահոգությունն ընդամենը «ատամ» ցույց տալու դրվագային քայլ է: Բայց մեր իշխանությունները սրանից ավելի առաջ չեն կարող գնալ, քանի որ Ռուսաստանը մեր իշխանությունների «ատամները» վաղուց հաշվել է:
-Փաստորեն, այն բոլոր ակնկալիքները, որ ռուս չինովնիկներն ունեն Հայաստանից, ստանալո՞ւ են:
-Այո, որովհետև Հայաստանի իշխանությունները իրենց աթոռը պահելու համար զիջեցին մեր ինքնիշխանությունը: Հիմա բոլորս միասին վճարում ենք իշխանությունների «հաճույքի» համար: Քանի դեռ Հայաստանն օրինական իշխանություն չունի, Ռուսաստանը շարունակելու է նույն կերպ վարվել՝ կորզելու է այն ամենը, ինչն իրեն պետք է: Եվ ինչպես ռուսներն իրենք են ասում, «куда они денутся?»:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ